Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է այդ ծառայության նախկին պետի, ներկայում ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին իշխանության դիմաց Արցախը հանձնելու Նիկոլ Փաշինյանի «պլանավորված» քաղաքականությանը: Դավիթ Շահնազարյանը արդեն մի քանի օր հայտարարել է, թե պատասխանատու կերպով պնդում է այդպիսի պլանի առկայության մասին, ասելով նաեւ, թե ինչ որ ուժեր հենց այդ պլանի համար աջակցել են Փաշինյանին իշխանության գալու հարցում:
ԱԱԾ-ն գնահատում է, որ Դավիթ Շահնազարյանը փաստորեն խոսում է պետական դավաճանության հանցակազմի մասին: Նա հրավիրվել է ԱԱԾ, այդ հանցագործության մասին ավելի մանրամասն տեղեկություն տալու համար:
ԱԱԾ-ն դիմել է նաեւ քաղաքացիներին, ովքեր ունեն այդ դավաճանական պլանին առնչվող տեղեկություններ՝ հայտնել իրենց:
Ազգային անվտանգության ծառայությունը փաստորեն անում է մի բան, որը թերեւս պետք է աներ այդ ծառայությունը նախկինում՝ 1994 թվականին գլխավորած Դավիթ Շահնազարյանը: Խոսքն այն մասին է, որ Շահնազարյանը ասուլիսի սրահ գնալուց առաջ, կամ դրանից անմիջապես հետո, պետք է գնար թերեւս ԱԱԾ եւ ներկայացներ Նիկոլ Փաշինյանի «հանցավոր պլանն» ամենայն մանրամասնությամբ:
Եթե ԱԱԾ-ն չտար համարժեք արձագանք, ապա Դավիթ Շահնազարյանը կունենար այդ պլանի մասին էլ ավելի բարձր խոսելու հիմք, ասելով, որ անտեսել են հանցագործության մասին իր հաղորդագրությունը կամ տեղեկությունները: Համենայն դեպս, ենթադրվում է, որ դա էր պահանջում պետական անվտանգության պատվո կոդքեսը, երբ այդ անվտանգության կառույցը գլխավորած գործիչը ունենում է պլանավորված դավաճանության կամ պլանավորված սպառնալիքի վերաբերյալ հիմնավոր տեղեկատվություն
Հակառակ դեպքում, այդպիսի հայտարարությունների ծանրակշիռ փաստարկային հիմք չունենալու պարագայում, այդ հայտարարություններն են արդեն ինքնաբերաբար առնչվում են ընդհուպ պետական դավաճանության, ինչի մասին խոսել եմ օրեր առաջ ՀՀԿ-ն անցավ վտանգավոր սահմանը անդրադարձում:
Պատկերացնենք, թե ինչ տրամադրություններ է առաջանում զինված ուժերում, Արցախի հանրության մոտ, երբ նրանք լսում են, որ Գերագույն գլխավոր հրամանատարը «պլանավորել» է հանձնել Արցախը: Ինչ արձագանքներ են հաջորդում այդպիսի հայտարարություններին, ինչ է դրան հաջորդում արդեն Հայաստանից: Փաստացի, եթե չկան Փաշինյանին այդօրինակ ծանրակշիռ մեղադրանք ներկայացնելու հիմքեր՝ «պլանավորված հանձնելու», իսկ հրապարակային հայտարարություններում այդպիսի հիմքեր չեն ներկայացվել, ստացվում է, որ հայտարարություններն ունեն խառնակչության նպատակ, թուլացնել զինուժն ու Հայաստան-Արցախ կապը:
Այդ իմաստով, Ազգային անվտանգության ծառայությունը փաստացի կանգնել է պետական դավաճանության հատկանիշով ազգային անվտանգության սպառնալիքի թերեւս անբեկանելի հետքի վրա: Եթե չեն ներկայացվում հավաստի փաստական տվյալներ, որոնք կտան Փաշինյանին «դավադրության» համար մեղադրելու կամ գոնե հիմնավոր կասկածի հիմքեր, ապա ակնառու է, որ նրա հասցեին մեղադրանքները հնչել են այնպիսի բովանդակությամբ ու ձեւակերպումներով, որ հենց դրանք են պլանավորված դավադրություն հայկական պետականության դեմ:
Ի՞նչ կպարզի ԱԱԾ-ն:
https://www.lragir.am/