lragir.am-ը գրում է. «Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հայկական մարդասիրական 83-հոգանոց առաքելությունը մեկնել է Սիրիա, որտեղ Հալեպի ռազմական գործողություններից զերծ, հայկական համայնքով բնակեցված հատվածներում իրականացնելու են մարդասիրական առաքելություն՝ մարդասիրական ականազերծում, բուժօգնություն, բնակչության խորհրդատվություն:
Սիրիա հայկական մարդասիրական առաքելության հարցի մասին առաջինը հայտարարել է դեռեւս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ասելով, որ ռուսական կողմի հետ քննարկում են այն: Առաքելության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ակնարկեց օգոստոսի 17-ի հանրահավաքում, որպես հայ-ռուսական մարդասիրական խոշոր ծրագիր, չմանրամասնելով սակայն, թե ինչի մասին է խոսքը:
Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սիրիա հայկական առաքելությունն իրականացվելու է հայկական դրոշի ներքո:
Հարցը հանրային մեծ արձագանք ունեցավ, աշխույժ ընդդիմախոսություն ծավալեց նախկին իշխանությունը, դրան հարող փորձագիտական հանրությունը: Դա փոքր ինչ տարօրինակ էր այն առումով, որ հենց այդ իշխանության շրջանում պաշտպանության նախարար Սարգսյանն էր հայտարարել հարցը ռուսական կողմի հետ քննարկելու մասին, ինչին չէր հետեւել կուսակիցների կամ հարակից փորձագետների որեւէ մտահոգություն:
Տարածվեց տեղեկություն, թե Սերժ Սարգսյանը դեմ էր եւ մերժել էր, թեեւ չկա դրա որեւէ փաստական ապացույց: Հարցը գրեթե նույնքան էլ քննարկվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում: Երկար եւ մանրամասն քննարկումները լիովին տրամաբանական են, քանի որ խոսքը Հայաստանի համար բարդագույն արտաքին քաղաքական հարցերից մեկի մասին է, բավական դժվար որոշման, միաժամանակ անհրաժեշտ եւ հասունացած հարցի մասին:
Այդ իմաստով, թավշյա հեղափոխությունից հետո ավարտին է հասցվում մի ռազմավարական նախաձեռնություն, որը սկսվել էր հեղափոխությունից առաջ: Այլ հարց է, թե այդ ընթացքում ինչ բովանդակային, ընթացակարգային տրանսֆորմացիայի է ենթարկվել հարցը՝ Ռուսաստանի հետ նախկին եւ նոր կառավարության քննարկումներում:
Կա արտահայտվող մտահոգության երկու ասպեկտ, անկախ խմբային կամ կուսակցական շահից բխող մանիպուլյացիոն ընդդիմախոսությունից: Մեկը բնականաբար մարդասիրական առաքելության մասնակիցների անվտանգության հարցն է, մյուսը աշխարհքաղաքական նպատակահարմարության՝ Արեւմուտքի դժգոհություն առաջացնելու ռիսկի տեսանկյունից:
Անվտանգության հարցն անշուշտ կարեւոր է: Որեւէ թեժ կետում չկա հարյուր տոկոս անվտանգություն: Միաժամանակ, պետությունները ստիպված են լինում կայացնել արտաքին քաղաքական որոշումներ, ելնելով գլոբալ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ռազմավարությունից, որոնք կարող են ենթադրել անվտանգության լոկալ ռիսկեր:
Անվտանգության առումով մյուս հանգամանքն այն է, թե Հայաստանը կարող է հայտնվել ահաբեկչական թիրախում: Ժամանակակից աշխարհում ահաբեկչական թիրախում կարող է հայտնվել ցանկացած երկիր: Ինչ վերաբերում է կոնկրետ առաքելությանը, ապա այստեղ է նաեւ մարդասիրական ֆորմատի եւ գործառույթի կարեւորությունը:
Այս համատեքստում է նաեւ Արեւմուտքի հետ հարաբերության հարցը: Այդ իմաստով հատկանշական է ԱՄՆ դեսպանատան արձագանքը, ըստ որի՝ լիովին հասկանում են հայկական համայնքին օգնելու անհրաժեշտությունը, բայց չեն հասկանա, եթե հայկական կողմը ներգրավվի Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակին:
Իհարկե, իրավիճակը Իդլիբի շուրջ այդ ժամանակից փոխվել է, միաժամանակ ընդհանրապես փոխվել է Սիրիայի շուրջ իրադրությունը ԱՄՆ զորքը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությունից հետո, թեեւ այդ հայտարարությունը դեռեւս իրականացված չէ:
Բայց խորքային առումով մեսիջն այն էր, որ ԱՄՆ հայկական կողմին ընդհանրապես հորդորում էր դուրս չգալ մարդասիրական առաքելության ֆորմատից եւ ներգրավվել որեւէ ռազմական գործողության ֆորմատ: Բավական հստակ էր ուղերձը, որ այդ դեպքում Արեւմուտքը չի ունենա հայկական կողմի անվտանգությունն իր կողմից ապահովելու հնարավորություն, եւ միաժամանակ այդ դեպքում չեն հասկանա հայկական կողմի շարժառիթը, ինչն այլ կերպ նշանակում է, որ մարդասիրական առաքելության հարցում տեսնում են Հայաստանի ինքնիշխան շահն ու անհրաժեշտությունը, բայց ռազմական գործողության որեւէ ներգրավման պարագայում դա կհամարեն երրորդ կողմի թելադրանք:
Հանրագումարում, ինչի՞ համար է պետք Հայաստանի մասնակցությունը Սիրիայում, որտեղ հատվել են, բախվում են համաշխարհային եւ ռեգիոնալ մի շարք ուժային կենտրոնների շահեր»: