Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացման համար պետական բյուջեից միջոցներ ընդհանրապես չեն հատկացվել, կառավարությունը նոր հաղորդագրություն է տարածել

Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման անցկացման համար պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվել․ այս մասին հայտնում են կառավարությունից՝ հավելելով, որ «ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշն»-ը ներգրավել է մասնավոր հովանավորից»։

Բացի այդ, գործադիրից տեղեկացնում են, որ «Անկախության 30-ամյակի միջոցառման Հանրապետության հրապարակում հնչելու է դասական երաժշտություն, հնչելու են նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, երաժշտություն, իսկ միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ»։

Սեպտեմբերի 8-ի կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել. «Ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն։ Այդ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։

Այս հայտարարությունը հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց։ Զոհված զինծառայողների և կամավորների մի քանի տասնյակ հարազատներ հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով կառավարությանը չեղարկել այդ միջոցառումը։

Սեպտեմբերի 15-ին կառավարություն – Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սեպտեմբերի 21-ի Անկախության տոնը նշելու մասին հարցին։ Փաշինյանը ներողություն խնդրեց, եթե գունագեղ բառով վիրավորել է մարդկանց։ Նա այնուհետև նկատեց, որ «մեր դրոշի գույները վառ գույներ են, չի կարծում, որ պիտի չեղարկենք դրոշի գույները»։

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*